Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մարի Ստրութերսը «Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառված անհամաչափ ուժը՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին խորհրդարանի որոշումից հետո»» վերտառությամբ հայտարարություն է տարածել:
Նրա խոսքով, «այս վնասաբեր օրինագիծն առաջ տանելով՝ Վրաստանի կառավարությունը բացահայտորեն աջակցում է մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ճնշումներին, որոնք վերջին օրերին հասել են տագնապալի չափերի»։
Նա ընդգծել է՝ օրինագծի ընդունման ձևը՝ իրավական ընթացակարգերով իշխանության միջանցքներում քաղաքական հակառակորդներին ճնշելը, ցուցարարներին դրսում անխնա ծեծելն ու բերման ենթարկելը ոստիկանության ճնշման ներքո, ցույց է տալիս այս օրինագծի վնասակար ազդեցությունը, որի ակնհայտ թիրախը՝ մարդու իրավունքներն են։
«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին դադարեցնել խոսքի, խաղաղ հավաքների իրավունքները ճնշելու իրենց ջանքերը: Նրանք պետք է անհապաղ մերժեն այս ռեպրեսիվ օրենքը»,- հայտարարության մեջ նաև նշվում է, որ պետք է պատասխանատվության ենթարկել անօրինական ուժ կիրառողներին:
Ի դեպ, երեկ՝ մայիսի 13-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Օրինագիծը խորհրդարանում կքվեարկվի այսօր: Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը երեկ տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։