Երեկվա օրը համառոտ. մայիսի 13

Մայիսի 13-ի առավոտյան թեժ ցույցերից, ուսանողական երթերից և խորհրդարանի մոտ չդադարող բողոքի ալիքից հետո, Ռուսթավելի պողոտայում կրկին բազմահազարանոց բողոքի ցույց էր ընթանում։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳՆ) բուհերի ռեկտորներից պահանջում է դատապարտել բուհերում հայտարարված դասադուլը:

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն, արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դատապարտել է ոստիկանների կողմից ուժի չափից դուրս կիրառումը և պահանջել մանրակրկիտ հետաքննություն։

Թբիլիսիում այցով գտնվող Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթն ասել է, որ եթե «ռուսական օրենքն» ընդունվի, Վրաստանի հետ անդամակցության շուրջ բանակցություններ չեն սկսվի։

Միջոցներ ձեռնարկեք Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Պապուաշվիլիի և «Վրացական երազանքի» պատգամավորների դեմ. եվրոպացի 4 խորհրդարանականներն այս խնդրանքով դիմել են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

ԵՄ 12 երկրների արտաքին գործերի (ԱԳ) նախարարները Վրաստանի խնդրով դիմել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ հանդիպումից։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժը» շարժումը հայտարարել է, որ կառավարությունը պետք է քննարկի, թե արդյո՞ք Վրաստանի գործընկեր երկրների արտաքին գործերի (ԱԳ) նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ «արժանի են» երկիր մուտք գործելուն։

Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում իրավապահների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության չարաշահման փաստերով հետաքննություն է սկսվել:

Վրաստանի հանրային պաշտպանն արձագանքել է խորհրդարանի մոտ տեղի ունեցող իրադարձություններին և ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Լևան Իոսելիանին կոչ էր արել ՆԳՆ-ին գործել օրենսդրության շրջանակներում:

Վրացական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կարծիքով՝ կառավարությունը պետք է անպայման հետ կանչի «գործակալների օրենքը»։