Իվանիշվիլին չի հանդիպի ԱՄՆ պետքարտուղարի օգնականին. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ հանդիպումից։ Օ՛Բրայենի այցը Թբիլիսի նախատեսված է վաղը՝ մայիսի 14-ին։

Կառավարության վարչակազմում հրավիրված մամուլի ասուլիսում Կոբախիձեն ասել է, որ Իվանիշվիլին չի կարող հանդիպումներ անցկացնել «շանտաժի տակ»։ Կոբախիձեի խոսքով, Իվանիշվիլին «չի հետաքրքրում» և «լրջորեն չի վերաբերվում» պատժամիջոցների խնդրին։

«Կարող եմ հաստատել, որ (հավանաբար՝ Օ՛Բրայենից — հեղ.) Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման խնդրանք է եղել, որը Բիձինա Իվանիշվիլին մերժել է։ Սա ուներ իր բացատրությունը։ Բացի այդ, վերջին ամիսներին եղել են դեպքեր, երբ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։ Ես տեղեկություն ունեմ այդ մասին, քանի որ որոշ հարցերի շուրջ պետք է պայմանավորվեի։

Բոլոր դեպքերում մերժման պատճառը նույնն է՝ Բիձինա Իվանիշվիլին պնդում էր, որ ինքն արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Նա սառեցրել է երկու միլիարդ դոլար, որը վստահել է Արևմուտքին, բայց հայտնվել է Գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքում։ Հետևաբար, Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ ինքը չի կարող շանտաժի տակ որևէ հանդիպում անցկացնել։ Հենց որ շանտաժն ու դե ֆակտո պատժամիջոցներն ավարտվեն, բնականաբար, ցանկացած հանդիպում կարելի է անցկացնել»,- ասել է Կոբախիձեն:

Մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում Կոբախիձեն ասել է նաև, որ վաղը խորհրդարանը «բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքով» երրորդ ընթերցմամբ կընդունի «գործակալների օրենքը»:

Ի դեպ, այսօր իշխանամետ «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների նախկին համակարգող Ջիմ Օ’Բրայենը Վրաստան է ժամանում և մտադիր է Իվանիշվիլիի համար պատժամիջոցների փաթեթ ներկայացնել: Հետագայում այս տեղեկությունը հեռացվել է վերոնշյալ կայքերից, սակայն սոցցանցերում լայն տարածում գտավ «Իմեդի» լրատվականի ձայնագրությունը, որտեղ հաղորդավարը կարդում էր այս տեղեկությունը։

Այսօր՝ ժամը 9-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն այսօր տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։