Այսօր` ժամը 19:00-ին, մետրոյի «Ռուսթավելի» կայարանից ուսանողական երթ կանցկացվի։ Ուսանողները մետրոյի «Ռուսթավելի» կայարանից երթով կշարժվեն խորհրդարանի մոտ:
«Այսօր՝ Վրաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողներս, ժամը 19:00-ին հավաքվում ենք «Ռուսթավելի» մետրոյի կայարանում, որտեղից կշարժվենք դեպի խորհրդարան՝ կառավարությանը կրկին ցույց տալու երիտասարդության ուժը։
Մենք հավաքվում ենք, որ
- ասենք՝ ո՛չ ռուսական օրենքին,
- ասենք՝ ո՛չ ռուսական ռեժիմին,
- ասենք՝ ո՛չ բռնությանը,
- ասենք՝ այո՛ Եվրոպային»,- հայտարարել են կազմակերպիչները:
Ուսանողները վստահեցրել են, որ թույլ չեն տա Վրաստանի ռուսացում. «Մենք չենք ների բռնի հարձակումները մեր ընկերների կամ երկրի քաղաքացիների վրա։ Պատասխանը կրկին նույնն է՝ մեզ չեք վախեցնի»:
Ըստ տեղեկությունների՝ նրանց կմիանան նաև դասախոսները:
Այսօր՝ ժամը 9.00-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն այսօր տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։