Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն, արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դատապարտել է ոստիկանների կողմից ուժի չափից դուրս կիրառումը և պահանջել մանրակրկիտ հետաքննություն։
«Վրաստանում մենք տեսնում ենք բնակչության զգալի մասի հավատարմությունը եվրոպական ապագայի և եվրոպական ճանապարհի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունն ու իշխանությունները կարտահայտեն այս ցանկությունը»,- ասել է Ստանոն:
Նրա խոսքով` այն, ինչ վերջին օրերին տեսնում են որպես կառավարության կողմից մարդկանց բողոքի արձագանք, բռնությունն է, հատկապես՝ ոստիկանության կողմից. «Մենք խստորեն դատապարտում ենք այնպիսի գործողությունները, ինչպիսիք են ահաբեկումը, սպառնալիքը, ֆիզիկական բռնությունը ցուցարարների, քաղաքացիական հասարակության, քաղաքական գործիչների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների նկատմամբ։ Սրանք դաժան գործողություններ են, և մենք խստորեն դատապարտում ենք դրանք»:
Ստանոն ասել է նաև, որ կառավարությանը կոչ են անում ապահովել բողոքի իրավունքը և մանրակրկիտ հետաքննել բոլոր անօրինականությունները, խախտումները և բռնության ակտերը։ Նա նաև հույս է հայտնել, որ նման գործողությունների համար պատասխանատուները կենթարկվեն դատական պատասխանատվության: Ստանոն ընդգծել է՝ Եվրամիությունը և նրա անդամները հետևում են Վրաստանում ընթացող գործընթացներին, ԵՄ-ի որոշ անդամներ շատ բարձր և հստակ ասել են, թե ինչ են մտածում իրավիճակի մասին:
Ստանոն հավելել է՝ պատժամիջոցների հարցում որոշումը կայացնում են անդամ երկրները կոնսենսուսի միջոցով։
«Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ունեցող երկիր է, մենք հույս ունենք և կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական ուղի»,- ասել է նա:
Այսօր՝ ժամը 9.00-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն այսօր տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։
«Ռուսական օրենքի» ընդունման դեպքում անդամակցության բանակցություններ չեն սկսվի. Ռոթ