Միջոցներ ձեռնարկեք Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Պապուաշվիլիի և «Վրացական երազանքի» պատգամավորների դեմ. եվրոպացի 4 խորհրդարանականներն այս խնդրանքով դիմել են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
Քաղաքական 4 խմբերի պատգամավորները Բորելին կոչ են արել արդյունավետ քայլեր ձեռնարկել «Վրացական երազանքի» առաջնորդների և անդամների դեմ, որոնք պաշտպանում են «ռուսական օրենքը» և դրանով իսկ սպառնում են երկրի եվրաինտեգրմանը։
«Հաշվի առնելով այս առավոտ Վրաստանում ծավալվող իրադարձությունները, օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի վերջնական ընդունումը և Վրաստանի ազատ եվրոպամետ ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը, մենք ցանկանում ենք ձեզ ուղղել հետևյալ հրատապ հարցերը.
- Մինչև մայիսի 27-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի մեկնարկը, դուք կառաջարկե՞ք նախարարներին անհապաղ կանխարգելիչ միջոցներ կիրառել պարոնայք Իվանիշվիլիի, Կոբախիձեի և Պապուաշվիլիի նկատմամբ, ինչպես նաև համանման միջոցներ կիրառել Վրաստանի խորհրդարանի բոլոր այն անդամների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկելու արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքին և նաև Վրաստանի նախագահի վետոյի վերացմանը։
- Դուք և Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը կհանձնարարե՞ք Վրաստանում ԵՄ դիվանագիտական առաքելությանը դադարեցնել ցանկացած բարձր մակարդակի համագործակցություն Վրաստանի կառավարության հետ, որն ուղղված չէ օրենքի չեղարկմանը: Այդ թվում՝ վերաբաշխելով այս ֆինանսական աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության ամրապնդման համար։ Ինչպես նաև` պատրաստվո՞ւմ եք ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցության բանակցությունները սկսելուց, քանի դեռ օրենքը գործում է:
- Այս օրենքի ընդունումից հետո պատրաստվո՞ւմ եք կանչել ԵՄ-ում Վրաստանի դեսպանին, որպեսզի նրա հետ դատապարտեք այս օրենքը, և քննարկո՞ւմ եք Վրաստանից Եվրամիության դեսպանին խորհրդակցությունների կանչելու հնարավորությունը։
Ի դեպ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ համատեղ նամակով Բորելին դիմել են նաև եվրոպական 12 երկրների արտգործնախարարներ։
Ընդգծենք. Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ այսօր աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։
Անհրաժեշտ է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան. ԵՄ ԱԳ նախարարներ