Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը Թբիլիսիում է:
«Բարի լույս, Թբիլիսի: Թբիլիսիում՝ Եվրոպայի իսկական մայրաքաղաքում»,- X սոցիալական ցանցում գրել է Ռոթը:
Ռոթը Վրաստանում կմնա երկու օր։ Գերմանացի պատգամավորը հանդիպումներ է ծրագրել կառավարության, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ավելի վաղ Ռոթն արձագանքել էր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից խորհրդարանում կրկին նախաձեռնած «գործակալների օրենքին»: Ռոթը նշել էր, որ օրենքն «անհամատեղելի է Եվրամիության անդամակցության հետ»: Ռոթի խոսքով, «անկախ, քննադատական քաղաքացիական հասարակությունը ոչ թե ժողովրդի թշնամին է, այլ Եվրամիությանն անդամակցելու պայման». ««Վրացական երազանքը» պետք է լսի իր ժողովրդին. վրացիների 90 տոկոսը ցանկանում է միանալ Եվրամիությանը, ոչ թե Պուտինի Ռուսաստանին»:
Ընդգծենք. Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ այսօր աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։