ՀՔԾ-ն հետաքննում է իրավապահների գործադրած բռնության դեպքերը

Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում իրավապահների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության չարաշահման փաստերով հետաքննություն է սկսվել:

«2024 թվականի մայիսի 13-ին խորհրդարանի մերձակայքում իրավապահների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով նախատեսված հանցակազմի նախանշաններով:

ՀՔԾ-ն համապատասխան իրավական անդրադարձ կկատարի ավելորդ ուժի կիրառման բոլոր փաստերին: Հետաքննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք նաև, որ Վրաստանի հանրային պաշտպանն արձագանքել է խորհրդարանի մոտ տեղի ունեցող իրադարձություններին և ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Լևան Իոսելիանին կոչ էր արել ՆԳՆ-ին գործել օրենսդրության շրջանակներում.

Ըստ օմբուդսմենի՝ ՆԳՆ-ի կողմից ուժի կիրառումը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ, ուղղված լինի կոնկրետ իրավական միջոցառման իրականացմանը և ոչ մի դեպքում չպետք է վերածվի քաղաքացու նկատմամբ նպատակաուղղված բռնության/վրեժի: Հանրային պաշտպանը նաև կոչ է արել ՀՔԾ-ին անհապաղ արձագանքել տվյալ փաստերին:

Ի դեպ, խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցներին բռնի ուժով ձերբակալել են: Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսաալիքի կադրերից երևում է, որ հավաքի մասնակիցներից մեկը իրավապահների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել, բերման ենթարկելիս հարվածել են նրա գլխին։ Մինչ այդ ոստիկանները քաշքշել են ցուցարարների կազմած շղթան, ծեծի են ենթարկել մեկ այլ քաղաքացու. կադրերում երևում է, որ նրան հետո մի քանի հոգով ծեծում են։

20 ցուցարար է բերման ենթարկվել