Վրացական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կարծիքով՝ կառավարությունը պետք է անպայման հետ կանչի «գործակալների օրենքը»։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արձագանքել են վարչապետ Իրակլի Կոբախիձեի և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին՝ օրինագծում նախագահի վետոյի շրջանակներում ակնկալվող դիտողությունների մասին։
«Մենք՝ վրացական հասարակական կազմակերպություններս, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն իր նպատակներով և բովանդակությամբ ռուսական է, ուղղված է վրաց ժողովրդի արևմտյան կուրսի դեմ և պետք է անպայման հետ կանչվի: Ոչ մի փոփոխություն չի կարող վերացնել այն կործանարար հետևանքները, որոնք մեր հասարակությանը կբերի այս օրենքի կիրարկումը»,- ասված է ՀԿ-ների հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրող ՀԿ-ները կոչ են անում իշխանություններին հաշվի առնել վրաց հասարակության ցանկությունը. «Ավելի քան մեկ ամիս է, ինչ վրաց ժողովուրդը դեմ է ռուսական օրենքով Պուտինի կանոնների հաստատմանը։ Մայիսի 11-ի աննախադեպ բազմահազարանոց ցույցը հստակ ցույց տվեց, որ վրաց ժողովուրդը հասկանում է այս օրենքի նենգ նպատակները, չի տրվում բնակչությանն ահաբեկելու իշխանության փորձին և անշեղորեն պաշտպանում է երկրի արևմտյան կուրսը։ Լսեք վրացական միասնական և ուժեղ հասարակության ձայնը: Կառավարությունը պետք է անպայման հետ կանչի այս օրենքը: Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»:
Ի դեպ, մայիսի 10-ին Կոբախիձեն ասել է, որ գործընկերները կարող են նախագահի վետոյի մեջ արտացոլել «գործակալների օրենքի» հետ կապված դիտողությունները։ Իսկ մայիսի 11-ին Ղարիբաշվիլին նշել է, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը և կողմ է անհասկանալի կետերի պարզաբանմանը. «Սպասենք, ընկերներ, ժամանակ կա վետոն հաղթահարելու համար»:
Այսօր՝ մայիսի 13-ին, Վրաստանի խորհրդարանն իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ կքննարկի «ռուսական օրենքը»: