«Միասին լուսացնենք հանուն Վրաստանի». Թբիլիսիում այսօր ընթացող ցույցի խորագիրն է: Ցուցարարները պատրաստվում են գիշերն անցկացնել խորհրդարանի հարակից տարածքում: Ցուցարարները ներկայացել են վրաններով, վերմակներով ու տաք հագուստով ու չնայած անձրևոտ եղանակին՝ պատրաստ են նրան, որ իշխող կուսակցություն հրաման կտա ցրել ցույցը:
Երիտասարդները նշում են, որ չեն վախենում «ռուսական իշխանությունից», ինչպես նաև ուժայիններից ու այն ռադիկալներից, ովքեր օրեր շարունակ ծեծի էին ենթարկում ակտիվիստներին, ինչպես նաև զանգահարում բոլոր ակտիվ ցուցարարներին, այդ թվում Ալիք Մեդիայի աշխատակազմին ու կոչում «երկրի դավաճան», կամ հայհոյում էին:
«Ռուսական կառավարությունը երբեք չի հաղթի մեզ, մենք չենք վախենում ոչ զանգերից, ոչ էլ առավելևս ուժայիններից: Պատրաստ ենք եկել, դիմակներով, պաշտպանիչ նյութերով, որովհետև չենք հանձնվելու ու ճանապարհելու ենք այս իշխանությանը Վրաստանից: Մեր տեղը Եվրոպայում է, ոչ թե Ռուսաստանում»,- ասում են երիտասարդները:
Ցույցին միացել են տարբեր տարիքի անձինք, այդ թվում ուսանողներն ու պրոֆէսորները: Այսօր մի շարք անձինք ու կառույցներ դասադուլ ու գործադուլ են հայտարարել:
Նշենք, որ խորհրդարանում հայտարարել են անվտանգության դեղին մակարդակ, հատուկջոկատայինները երկաթե կոնստրուկցիաներ են տեղադրել խորհրդարանի ցանկապատի վրա: Տեղում մոբիլիզացված են հատուկջոկատայինների տասնյակ ավտոբուսներ:
Վաղը, մայիսի տասներեքին, Վրաստանի խորհրդարանն իրավաբանական հանձնաժողովում կքննարկի «ռուսական օրենքը»: Առավոտյան ցուցարարները պատգամավորների համար ամոթի միջանցք կկազմակերպեն:
«Ռուսական օրենքի» դեմ ցույցերն ու դրա շուրջ զարգացող իրադարձությունները Ալիք Մեդիան լուսաբանում է տեղից: Մեր նկարահանող խումբը մշտապես գտնվում է խորհրդարանի հարակից տարածքում: