Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձաժողովը վաղը՝ մայիսի 13-ին, երրորդ ընթերցմամբ կքննարկի «գործակալներ մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»: Օրենքին դեմ քաղաքացիներն այսօր հավաքվել են խորհրդարանի մոտ. նրանք գիշերելու են այնտեղ, որպեսզի վաղ առավոտից խոչընդոտեն խորհրդարանականների մուտքը։
Սրան զուգահեռ, ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին նախազգուշացնում է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն արգելափակել խորհրդարանի շենքի մուտքը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ և Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՆԳՆ-ում հրավիրած ճեպազրույցում նա նշել է, որ «սպառնալիք է նկատել թե՛ քաղաքական գործիչների կողմից հրապարակային հայտարարություններում, թե՛ օպերատիվ տեղեկատվության միջոցով»։
Գոմելաուրին նշել է, որ կկիրառվի Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը, որը վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման կամ հաղորդակցության կամ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի առգրավմանը կամ արգելափակմանը։ Այս հանցագործությունը կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով։ Նույն հոդվածի երկրորդ մասը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցության արգելափակում՝ այս հանցագործության դեպքում նախատեսում է ազատազրկում՝ մինչև 8 տարի ժամկետով։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ երեկոյան ժամը 5-ին կայացած ճեպազրույցում, ոստիկաններին կոչ է արել բարձր մակարդակով աշխատել ծրագրված գործողությունների ժամանակ։
Ընդգծենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՆԳ նախարարի ճեպազրույցի բովանդակությունը որակել է որպես հանրությանը ուղղված սպառնալիք և իր հերթին հիշեցրել ոստիկաններին, որ իրենց պարտականությունն է պաշտպանել օրենքը և մարդկանց։
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով, Վրաստանի վարչապետն ու Ներքին գործերի նախարարն այսօր բացահայտ հայտարարեցին բռնաճնշումների մասին։
Նրա խոսքով, Գոմելաուրիի նշած Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածը նախկինում հազվադեպ էր կիրառվում, քանի որ այս նորմն իրականում բավականին հնացած է և խնդրահարույց։ Ըստ նրա՝ խնդրահարույց է, քանի որ հանցագործության կազմը շատ լայն է. ունի անհամաչափ ծանր պատիժներ և վնասակար ազդեցություն կունենա հավաքների ազատության վրա:
«Շևարդնաձեի ժամանակաշրջանի օրենքը կիրառելիս շատ հեռու մի գնացեք։
Համոզված եմ, որ հավաքի մասնակիցները կպահպանեն խաղաղ հավաքների և բողոքի ակցիաների իրավական դաշտը»,- ֆեյսբուքում գրել է Միքելաձեն:
Ի դեպ, այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանքը» երկրորդ անգամ օրակարգ վերադարձրեց վիճարկվող օրինագիծը, այս օրենքի դեմ մի շարք գործողություններ անցկացվեցին ինչպես Թբիլիսիում, այնպես էլ մարզերում: Քաղաքացիները շարունակական բողոքի ակցիաներով դեմ են արտայհայտվում օրենքի ընդունմանը։ Խորհրդարանում օրենքի քննարկման սկզբից ի վեր այս օրենքի դեմ գործողություններով վարչական իրավախախտումների համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասնում է 150-ի: Նրանցից ոմանք խոսում են ոստիկանության կողմից ֆիզիկական և բանավոր բռնությունների մասին՝ ինչպես ձերբակալության ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Հանրահավաքի ընթացքում ստացած մարմնական վնասվածքների կամ բերման ենթարկելու պատճառով մոտ 20 քաղաքացի բժշկական օգնության կարիք է ունեցել: