Մայիսի 11-ի երեկոյան ժամը իննից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքի»։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Քաղաքացիները «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին կարգախոսով» երթն սկսել են Հանրապետության հրապարակից, Մարջանիշվիլիի հրապարակից և մետրոյի «300 Արագվելի» կայարանից. նրանք Եվրոպայի հրապարակում միացել են միմյանց։
Բացի այդ, Մարջանիշվիլի պողոտայում հավաքվածներին միացել են Expo Georgia-ում հավաքված քաղաքացիները։ Քաղաքացիական խմբերը դեռ միանում են ակցիային։
Երթ-ցույցը կապված է Եվրոպայի օրվա հետ և ԶԼՄ-ներում այն կոչվում է նաև «Եվրոպայի երթ»։ Միաժամանակ, դա «օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ վերջին շաբաթներին սկսված բողոքի ցույցերի շարունակությունն է։
Ընդգծենք՝ վրաստանյան կրթության ոլորտի ներկայացուցիչներն ու տարբեր արհմիությունները գործադուլ, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների մի մասը դասադուլ են հայտարարել:
Ի դեպ, 2024 թվականի ապրիլի 3-ին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի վերսկսմանը հաջորդեցին հասարակական բողոքի ակցիաները։ Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը՝ չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և ռազմավարական գործընկերների զգուշացումներին:
Օրենքի նախագծի համաձայն՝ այն լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում Վրաստանի գործընկեր երկրներից, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպություններ»։
Այս մեկ ամսվա ընթացքում իրավապահները բողոքի ակցիաների ժամանակ մի քանի տասնյակ մարդու են ձերբակալել։ Միաժամանակ, վերջին օրերին անհայտ անձանց կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել ընդդիմադիր կուսակցությունների անդամները և ընդդիմադիր ակտիվիստները։