Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողների մի մասը դասադուլ է հայտարարել։ Նրանք հրաժարվում են մասնակցել դասերին, քանի դեռ կառավարությունը հետ չի կանչել «ռուսական օրենքը»։
«Մենք ցանկանում ենք արձագանքել երկրում վերջին օրերի և շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին և տեղեկացնել Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հայտարարության մասին։
Թբիլիսիի փողոցներում խաղաղ ցույցերի դեմ անօրինական և դաժան արշավանքները վերջին շաբաթներին դարձել են մշտական։
Կառավարության հրահանգով ուժայինները հարձակվում են քաղաքական հակառակորդներին իրենց տների մոտ. նրանք ահաբեկում են բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ռեժիմի ռուսական քաղաքականությանը։
Այսօր արդեն խոսքը եվրոպական ապագայի պաշտպանության մասին չէ, որը երբեք այդքան մոտ չենք եղել կորցնելուն։ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները չեն պատրաստվում լուռ ընդունել երկրում հայտարարված բռնապետության հաստատման գործընթացը։
Երբ փողոցում ձայն բարձրացնելը պատժվում է բիրտ մեթոդներով, մեզ համար անհնար է դառնում հանգիստ նստել դահլիճներում, սա սովորական իրավիճակ չէ և նման իրողությունը պահանջում է համարժեք վարքագիծ։ Առավոտյան ժամը 9-ից կանգնելու ենք Ռուսթավելի պողոտայում և բողոքում ենք բռնապետության օրինականացման փորձի դեմ», — այսօր՝ մայիսի 11-ին, ԹՊՀ-ի բակում հայտարարել են ուսանողները։
Նրանց խոսքով, իրենց թիկունքում կանգնած են հազարավոր ուսանողներ, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել երկրի ազատությունից ու նրա եվրոպական ապագայից, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից։
ԹՊՀ ուսանողները կոչ են անում իրենց դասախոսներին համարժեք որոշում կայացնել, հրաժարվել աշխատանքի գալուց, համընդհանուր գործադուլ հայտարարել և միասին Ռուսթավելի պողոտայում.
«Դիմում ենք այլ պետական կամ մասնավոր բուհերի ուսանողներին, դադարեցրեք ուսումնական գործընթացը ձեր իսկ բուհերում, դուրս եկեք լսարաններից և միացեք մեր նախաձեռնությանը։
Վրաստանը Ռուսաստան չի դառնա, և մենք՝ անկախ Վրաստանում ծնված սերունդս, դրա երաշխավորն ենք՝ շարժվելով դեպի Եվրոպա, ուժը միասնության մեջ է»։
Ընդգծենք` վրաստանյան տարբեր բուհերի դասախոսներ հայտարարում են, որ երկուշաբթի օրը, երբ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ կքննարկի «ռուսական օրենքը», իրենք դասախոսություն չեն անցկացնի։ Նրանց միացել են արհմիությունների և կրթության ոծորտի հետազոտողներ։