Այսօր՝ մայիսի 11-ին Թբիլիսիում նշվեց Եվրոպայի օրը։
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը տարբեր կազմակերպությունների, եվրոպական երկրների դեսպանությունների, և բոլոր քաղաքացիների հետ միասին, ովքեր ցանկանում էին միանալ տոնական միջոցառումներին, նշեց Եվրոպայի տոնը:
«Էքսպո Ջորջիայի» տարբեր հատվածներում այսօր առավոտից մեկնարկել են ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտես, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին տրվեցին հուշանվերներ եվրոպայի խորհրդանշանով:
«Էքսպո Ջորջիայի» տաղավարներից մեկի մոտ, ծնունդով Մառնուլիի Շահումյան գյուղից էր տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցադրում էր իր տիկնիկները։ Նա նաև փոքրիկ ցուցադրությունով ներկայացավ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը ժամանած հյուրերի համար։
«Ես լինելով ինչպես հայկական, այպես էլ ինչու ոչ վրացական մշակույթի կրողը, կարծում եմ շատ կարևոր է այն արժանվույնս ներկայացնել Եվրոպացիներին: Ներկայացրեցի տիկնիկային երաժշտական և պարային փոքրիկ ներկայացում, ինչը ևս շատ նպատակահարմար է, առանց խոսքերի, մեր մշակույթը եվրոպացիներին ի ցույց դնելու համար», — նշեց տիկնիկագործը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում:
Նինոծմինդայից Մզիսա Խմալաձեն, ով այնտեղ ունի իր թեյի արտադրամասը՝ ևս իր արտադրանքն էր ցուցադրում «Էքսպո Ջորջիայի» մի հատվածում։ Նա նշում է, որ քանի որ Վրաստանը ձգտում է ինտեգրվել Եվրամիություն, Եվրոպայի օրը հավուր պատշաճի նշելը շատ կարևոր է։
«Շատ կարևոր է փոքր բիզնեսների համար նման առաջարկներ ստանալ, մասնակցելու այսպիսի ցուցադրությունների, որը իր հերթին կնպաստի նոր ծանոթությունների ձեռք բեռմանը, Եվրոպական շուկայի համար հայտնի դառնալը որոշ չափով, քանի որ այստեղ ԵՄ ներկայացուցիչներ ևս ներկա են։ Եվ իհարկե արտադրանքը վաճառելուց բացի, այս և նման առաջխաղացումները մեզ ձեռք են մեկնում առաջ գնալ և զարգանալ», — ասում է Խմալաձեն։
Երիտասարդ արտադրողը նշում է, որ նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է ոչ միայն Թբիլիսիում, այլև մարզերում, որտեղ Եվրամիության վերաբերյալ տեղեկատվությունը շատ ավելի քիչ է։
Այսօր Թբիլիսիում կանցկացվի նաև Եվրոպայի երթ։ Քաղաքացիները ժամը 19:00-ին հավաքվելու են մի քանի վայրերից՝ Հանրապետության հրապարակից, Մարջանիշվիլիի հրապարակից, 300 Արագվելիի մետրոպոլիտենի կայարանի և «Էքսպո Ջորջիայի» տարածքից և երթով շարժվելու են դեպի Եվրոպայի հրապարակ։
«Այո՛ Եվրոպային, Ո՛չ ռուսական օրենքին»,- այսպիսին է Եվրոպայի երթի գլխավոր ուղերձը։
Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ:
Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներին, ուսուցիչներին, ՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառն այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»:
Արտյոմ Քոսյան
Տաթև Խոցանյան