Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեկ լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի որոշում օրինագծերի վրա դրվող վետոյի հարցը։
Նրա խոսքով, հաճախ` վետոյի հարցը որոշում են վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կամ օտար ուժերը։
«Հաճախ՝ Սալոմե Զուրաբիշվիլին չի վետո դնում օրինագծերին, կամ՝ ՀԿ-ներն են դնում, կամ՝ դրսի ուժերն են դնում: Հետևաբար՝ մենք կարող ենք օգտագործել այս լծակը: Կարելի է օգտագործել վետոյի ընթացակարգը այն բանի համար, որ այս օրինագծի վերաբերյալ համաձայնեցնենք մեր դիրքորոշումները»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ, եթե «գործակալների օրենքն» ընդունվի իշխաության կողմից, նախագահն իրավասու է վետո դնել օրենքին:
Երկարատև բանավեճից հետո ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները լքել են հանդիպման սենյակը։
Նրանց այս քայլին ի պատասխան Կոբախիձեն կրկնել է. «IQ, կուլտուրա, ինտելեկտ, դաստիարակություն»։
Ի դեպ, «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցումը Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում նշանակված է մայիսի 13-ին, ժամը 10:00-ին։
Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի և ցուցարարների նկատմամբ բռնությունների ֆոնին ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները զգուշացնում են Վրաստանին «գործակալների օրենքի» ընդունման դեպքում սպասվելիք խնդիրների մասին։ Դրանք ներառում են Վրաստանին թեկնածուի կարգավիճակից զրկելը, ԵՄ երկրներ առանց վիզայի ճանապարհորդության սահմանափակումը և քաղաքական գործիչների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը: