Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն զանգահարում է քաղաքացիներին, հայհոյում ու սպառնում նրանց։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկություն է տարածել ցույցերի մասնակից Նաթիա Գաբրավան։
Գաբրավան սքրինշոթ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սամխարաձեն Գաբրավային մեղադրել է երեխային սպառնալից հաղորդագրություն ուղարկելու մեջ, իսկ հետո զանգահարել և սպառնացել է ինչպես Գաբրավային, այնպես էլ նրա ընկերոջը։
«Այս ամենը վախեցնելու սովորական փորձ է, քանի որ ես ընթացող գործընթացներում (նկատի ունի «ռուսական օրենքի» դեմ ցույցերին-հեղ.) քիչ թե շատ ակտիվ մարդ եմ, և բոլորը տեսնում են, թե ինչ են անում ակտիվ մարդկանց հետ՝ ծեծում են, վախեցնում և այլն: Հետևաբար՝ կարծում եմ, որ սա ֆարս է. էժանագին բեմադրված սադրանք, որով փորձում են վախեցնել մեզ, ստիպել մնալ տանը: Բավականին տհաճ է, հատկապես՝ երբ ես մենակ չեմ, երեխա ունեմ, և իրականում՝ դա է պատճառներից մեկը, որ հանրայնացնում եմ տեղի ունեցածը»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքի հետ զրուցում ասել է Գաբրավան:
Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ:
Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներին, ուսուցիչներին, ՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառն այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»:
Ֆիզիկական հաշվեհարդար ու ճնշումներ. վերջին օրերի իրադարձությունները