Մայիսի 8-ի գիշերը հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել «գործակալների օրենքին» դեմ առնվազն երեք քաղաքացի։ Նրանցից մեկը միջազգային հարաբերությունների մասնագետ Գիա Ջափարիձեն է։
Նրա նկատմամբ բռնությունների մասին տեղեկությունը սկզբում տարածել էր նրա եղբայրը՝ «Գիրչի — առավել ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն։
«Մուտքի մոտ եղբորս դիմավորել են մի քանի հոգի և ֆիզիկական բռնության ենթարկել»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Զուրա Ջափարիձեն:
Գիա Ջափարիձեն կլինիկա մտնելուց առաջ լրագրողներին հակիրճ մեկնաբանություն է տվել։ «Կատարվեց այն, ինչ կատարվում է երկրում՝ ռուսները հարձակվեցին ինձ վրա։ Հաստատ հիշում եմ երկու, գուցե երեք կամ ավելի հարձակվողների։ Նրանք ինձ սպասում էին տան մոտ։ Սկսեցին ծեծել, հիմնականում ինչ-որ փայտերով էին հարվածում, հարցնում էին՝ ինչո՞ւ եմ դեմ ռուսական օրենքին»,- ասել է Գիա Ջափարիձեն։
Գիա Ջափարիձեն Խեչինաշվիլիի կլինիկայում է: Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր վիճակը կայուն է, հսկողության տակ է, կատարվում են ուսումնասիրություններ։
Մայիսի 8-ի գիշերը փողոցում ծեծի է ենթարկվել նաև «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող ակտիվիստ Լաշա Գվինիանիձեն։ Ֆիզիկական բռնության է ենթարկվել նաև «Միացյալ ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանին։
Իշխանությունը պահելու փո՞րձ. վերջին օրերի վրաստանյան զարգացումները