Մայիսի 12-ին քաղաքացիները նախատեսում են հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում և գիշերել խորհրդարանի մոտ։
«Գիշերենք Վրաստանի համար» հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, դրա պատճառը մայիսի 13-ի առավոտյան իրավական հարցերի հանձնաժողովում «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցման նշանակումն է:
«Հավաքվենք և գիշերենք, քանի որ մայիսի 13-ի առավոտյան իշխանությունները նշանակել են ռուսական օրենքի հանձնաժողովային լսումներ՝ նախապատրաստվելու երրորդ ընթերցմամբ քվեարկությանը: Քանի որ ստիպված կլինենք գիշերել, պետք է նախօրոք հավաքենք իրերը, տանենք քնապարկեր, փոքր վրաններ, սնուցող մարդկոցներ, լապտերներ, անվտանգության ակնոցներ և այն ամենը, ինչը կօգնի մեզ ապահով լինել:
Երկրի հանդեպ սիրո մեր անխոնջ միասնությամբ՝ գիշերենք միասին և առավոտյան թույլ չտանք, որ Երազանքի պատգամավորները մտնեն խորհրդարանի շենք և շարունակեն գործել ժողովրդի, Եվրամիության և սահմանադրության կամքին հակառակ»,- նշել են կազմակերպիչները:
Ի դեպ, բացի այս՝ մայիսի 11-ին նախատեսվում է լայնածավալ ցույց։ Քաղաքացիները չորս տարբեր վայրերից երթ են հայտարարել դեպի Եվրոպայի հրապարակ: Բացի այդ, ակցիաներ են անցկացվում Վրաստանի այլ քաղաքներում ևս։ Թբիլիսիում երիտասարդները շարունակում են ամեն օր բողոքի ակցիաներ իրականացնել «ռուսական օրենքի» դեմ։