Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թբիլիսիում ընդդեմ «գործակալների մասին օրենքի» տեղի ունեցող բողոքի ցույցերը ցրվում են «միջազգային չափանիշներին համապատասխան»։
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունում տեղի ունեցած ճեպազրույցում նա ապատեղեկատվություն է որակել ոստիկանության ծառայողների կողմից ավելորդ ուժ կիրառելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, չնայած այն բանին, որ կան նաև բռնությունը ֆիքսած տեսագրություններ։
«Իրավապահների կողմից միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան հատուկ միջոցառումներ են իրականացվում՝ հետևողականորեն և ի պատասխան զարգացումների… Հագուստը, հատուկ տեխնիկան, սարքավորումներն ու հատուկ գործիքները, որոնք օգտագործում են ՆԳՆ ներկայացուցիչները, միջազգային ստանդարտի են և դրանց մեծ մասը ձեռք են բերվել եվրոպական տարբեր երկրներից»,- ասել է Կուպատաձեն։
Նրա ելույթի ընթացքում ճեպազրույցների սենյակում տեղադրված մոնիտորի վրա ցուցադրվել են կադրեր, որոնք ցույց են տալիս իրավապահների բռնությունները տարբեր երկրներում ցույցերը ցրելու ժամանակ։ Ըստ Կուպատաձեի, «այդ կադրերը հաստատում են, որ ոստիկանությունը բոլոր երկրներում իրավունք ունի գործելու օրենքին համապատասխան և իր լիազորությունների շրջանակում հասարակության համար հաճախ անընդունելի և խիստ միջոցներ կիրառելու»:
Կուպատաձեի խոսքով, Թբիլիսիի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցները բազմիցս գերազանցել են «հավաքների և ցույցերի մասին օրենսդրությամբ ընդունված միջոցները». «Հանրահավաքի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին զգուշացնում ենք, որ այն ժամանակ, երբ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով սկսի կանխել հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունները, կկիրառվեն խիստ միջոցներ, այնպես՝ ինչպես ընդունված են ամերիկյան և եվրոպական առաջատար երկրներում»:
Քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի տնօրենը ճեպազրույցն ավարտել է՝ չպատասխանելով լրագրողի ոչ մի հարցի։
Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։
Իշխանությունը պահելու փո՞րձ. վերջին օրերի վրաստանյան զարգացումները