Իշխող ուժը «բռնություն գործադրողների» տվյալների բազա կստեղծի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել տվյալների բազա, որում ըստ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, տեղ կգտնեն «բռնության, սպառնալիքների և շանտաժի մեջ ներքաշված կամ նմանատիպ գործողություններին հրապարակայնորեն հավանություն տվող» քաղաքացիների տվյալները։

Նրա խոսքով՝ «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաները, որոնց առանցքը երիտասարդներն են, ունեն բռնի բնույթ։ Պապուաշվիլին նշել է, որ տվյալների բազայում կլինեն ցույցերի ժամանակ «բռնություն գործադրող, պետությանը սպառնացող, նման գործողություններին հավանություն տվող անձինք»։

Խորհրդարանի խոսնակը նշում է՝ բազա ստեղծելու նպատակը պետական ​​ինստիտուտների և իրավապահ մարմինների պաշտպանությունն է։

«Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում Պապուաշվիլին հայտարարել է, որ «այս տվյալների բազան կտեղադրվի հատուկ կայքում և կլինի հրապարակային ու թափանցիկ Վրաստանի քաղաքացիների համար»:

Պապուաշվիլին ընդգծել է, որ բազայում ներառվելու են այն մարդիկ, ովքեր իրենց դիրքորոշումն արտահայտում են սոցիալական ցանցերի միջոցով, կամ հավանություն են տալիս ուրիշի դիրքորոշմանը։ Խոսքը վերաբերում է «ռուսական օրենքին» դեմ հնչող դիրքորոշմանը։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։