Վրաստանի տարբեր շրջաններում ընդդեմ «գործակալների օրենքի» բողոքի ցույցերի շաբաթ է հայտարարվել:
Բողոքի ակցիաների հերթականությունը` ստորև.
- Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 18:00-ին քաղաքացիները հավաքվելու են Թելավիի Էրեկլե Երկրորդի հուշարձանի մոտ և բողոքի ակցիա են անցկացնելու ընդդեմ «ռուսական օրենքի»։
- Մայիսի 8-ին ակցիաներ են նախատեսվում Գորիում, Քութայիսիում և Բորջոմիում։ Քաղաքացիները Գորիում կհավաքվեն ժամը 19:00-ին Գորիի բերդի հերոսների հուշահամալիրի մոտ, իսկ Բորջոմիում՝ Սուրբ Նինո 3 հասցեում, նախկին քաղաքապետարանի շենքի մոտ, ժամը 17:00-ին բողոքի ակցիա կանցկացնեն «ռուսական օրենքի» դեմ։
- Մայիսի 9-ին ակցիա է նախատեսվում Զուգդիդիում:
- Մայիսի 10-ին Բաթումիում քաղաքացիները կհավաքվեն ընդդեմ «ռուսական օրենքի»։
Միաժամանակ «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաները կշարունակվեն Թբիլիսիում, իսկ մայիսի 11-ին՝ Եվրոպայի օրը, մայրաքաղաքում լայնածավալ երթ կանցկացվի ընդդեմ «ռուսական օրենքի»։
Ի դեպ, ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, կառավարության կողմից պաշտոնապես հայտարարված ոչ աշխատանքային օրը, խորհրդարանում իրավական հարցերի հանձնաժողովի նիստ կկայանա։ Ըստ ընդդիմադիրների և քաղհասարակության, չնայած այս հայտարարությանը` չի կարելի վստահ լինել, որ «ռուսական օրենքը» չի քննարկվի մայիսի 10-ին։ Նրանց կարծիքով, եթե իշխող «Վրացական երազանքը» որոշի մայիսի 10-ին հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ քննարկել «ռուսական օրենքը», ապա կարող է հարցը ներառել ուրբաթ օրվա նիստի օրակարգում, քանի որ «Վրացական երազանքը» դրա համար բավարար ձայներ ունի:
Հիշեցնենք, մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը»։ Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ուժի մեջ մտնի, ապա օտարերկրյա դոնորներից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտար տերության շահեր կրող կազմակերպություններ»։
Օրինագծի ընդունմանը զուգահեռ սրվում են Վրաստանի հարաբերությունները մշտական ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
Մայիսի 10-ին խորհրդարանում իրավական հարցերի հանձնաժողովի նիստ կկայանա