Բուհերն ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանում բողոքի ալիք բարձրացրած, «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից երկրորդ անգամ նախաձեռնած «գործակալների օրենքին», որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ, դեմ են արտահայտվում նաև Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները։

Որոշ բուհեր հրապարակել են լուսանկար` իրենց լոգոտիպով և Եվրամիության դրոշով։ Վրաստանի մասնավոր համալսարաններից մեկը` Կովկասի համալսարանը, նաև հետևյալ հայտարարությունն է տարածել․

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մեր ընտրությունը միշտ եղել է, կա և կլինի Եվրոպան, և սա նորություն չէ որևէ մեկի համար, ով նույնիսկ հպանցիկ առնչություն է ունեցել Կովկասի համալսարանի հետ։

Համալսարանը միշտ այնտեղ է, որտեղ դուք եք: Այս կապը մշտական ​​է, քանի որ դուք ստեղծում եք Կովկասի համալսարանի պատմությունը։

Կովկասի համալսարանը վճռականորեն հավատարիմ է Վրաստանի եվրաինտեգրմանը և դեմ է ցանկացած ռուսամետ տրամադրությունների, նախաձեռնությունների կամ օրենքների, որոնք կարող են վնասել մեր երկրի ինքնիշխանությանը»։

Հատկանշական է նաև որ Վրաստանի պետական բուհերը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն համալսարանների շատ դասախոսներ, այդ թվում` նաև Թբիլիսիի պետական համալսարանի բազում դասախոսներ մասնակցել են «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերին։