Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը դիմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և զգուշացրել, որ կառավարությունը եթե շարունակի դաժանորեն հարձակվել փողոցներում «ռուսական օրենքի» դեմ բողոքող ցուցարարների վրա, ապա խումբը Վրաստանի կառավարական կայքերի վրա կիրականացնի ավելի լայնածավալ կիբերհարձակումներ։
«Մենք վրաց ժողովրդի կողքին ենք ժողովրդավարության, ազատության և բարգավաճման համար իրենց պայքարում և ցանկանում ենք ռուսական ազդեցությունից զերծ Վրաստան, մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ձգտումներին դեպի պայծառ ապագա»,- X-ում գրել է Anonymous-ը:
Anonymous-ը գրել է, որ այս ընթացքում իրենք կիբերհարձակման են ենթարկել կառավարությանն առնչվող ավելի քան 30 կայքեր, ինչպես նաև քարոզչական լրատվամիջոցներ՝ ի պատասխան Թբիլիսիում և Բաթումիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների։
Հիշեցնենք. վերջին օրերին Anonymous-ը հայտարարել է Վրաստանի կառավարական կայքերի վրա կիբերհարձակումների մասին: Anonymous-ը ստանձնել էր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իշխանամետ POSTV հեռուստաընկերության կայքերի փակման պատասխանատվությունը, փակել էր նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքը:
Ավելի վաղ՝ հաքերային խումբը սպառնացել էր Վրաստանի կառավարությանը, որ հանրահավաքի մասնակիցների վրա հարձակմանը հաջորդելու է պետական բոլոր պաշտոնյաների մասին տեղեկատվության հրապարակումը։