«Գործակալների օրենքը» կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքը» կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները և կվտանգի Վրաստանի եվրատլանտյան ուղին։ Այս հայտարարությունն իր ամենօրյա ճեպազրույցում արել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կարծում ենք, որ այն օրենքը, որը նրանք քննարկում են, Վրաստանին կտանի վտանգավոր հետագծով, կվտանգի եվրատլանտյան ճանապարհը և կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները: Մենք կշարունակենք դա բացատրել, և իրենք որոշում կկայացնեն»,- ասել է Միլլերը:

Լրագրողը նրան հարցրել է նաև Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին Միլլերը պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում որևէ հայտարարություն անել պատժամիջոցների մասին, այն մասին, թե ինչ ենք պատրաստվում անել կամ ինչ ենք մտածում, այս պահին նման հարց չի քննարկվում»։

Ի դեպ, մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը»։ Եթե ​​«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ուժի մեջ մտնի, ապա օտարերկրյա դոնորներից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտար տերության շահեր կրող կազմակերպություններ»։

Օրինագծի ընդունմանը զուգահեռ սրվում են Վրաստանի հարաբերությունները մշտական ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։