Պատժամիջոցներ են անհրաժեշտ Պուտինի ճանապարհով գնացող Վրաստանի խամաճիկների նկատմամբ. The Hill

«Որպեսզի Վրաստանը չգնա Պուտինի ճանապարհով, պետք է պատժամիջոցներ կիրառել երկրի ռուս խամաճիկների նկատմամբ»,- այս վերտառությամբ հոդված է հրապարակել ամերիկյան The Hill պարբերականը, որի հեղինակներն են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին:

Հոդվածում ասվում է, որ վրացի միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը «Վրացական երազանքի» թիկունքում կանգնած ուժ է, ապրիլի 29-ի իր ելույթում «ըստ էության պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Եվրոպային»։

Այդուհանդերձ, ըստ հոդվածի՝ Վրաստանի կառավարության վերջին տարիների ոչ լիբերալ գործողությունների ընթացքում ավելի քան 100 հազար քաղաքացիներ բողոքում են իշխող կուսակցության առաջարկած «գործակալների օրենքի» դեմ:

«Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տխրահռչակ օրենքը, դա ևս ստիպում է ՀԿ-ներին, որոնք օգնություն են ստանում Եվրոպայից և ԱՄՆ-ից, իրենց օտարերկրյա գործակալներ հայտարարել»,- գրել են հոդվածի հեղինակները:

Հոդվածում կարդում ենք, որ չնայած վերջին հարցումներին, որոնք ցույց են տվել, որ Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսն աջակցում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը, կառավարությունը շարժվում է հակառակ ուղղությամբ՝ օգտագործելով պուտինյան Ռուսաստանի հռետորաբանությունը. «Արևմուտքը պետք է կանգնի վրացիների 80 տոկոսի կողքին և պատժամիջոցներ սահմանի նրանց դեմ, ովքեր երկիրը տանում են սխալ ուղղությամբ»։

Հեղինակները մատնանշում են, որ Իվանիշվիլին խոստացել է ոչնչացնել ընդդիմադիր կուսակցություններին բողոքի ակցիաների հետ միաժամանակ։ Նա նաև քննադատել է Արևմուտքին. ««Վրացական երազանքի» պաշտոնյաները աննախադեպ հռետորական հարձակումներ են իրականացրել Ամերիկայի և Եվրամիության դեսպանների վրա»։

Ըստ Քելիի և Կրամերի, Իվանիշվիլիից և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեից բացի, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է զգուշացնեն նաև բոլոր վրացի խորհրդարանականներին, որ օրինագծին աջակցելը կհանգեցնի նրանց նկատմամբ պատժամիջոցների: Կարդում ենք, որ չնայած Պետդեպարտամենտի և Կոնգրեսի հայտարարություններին, «Վրացական երազանքը» չի կանգնեցրել օրենքի ընդունման գործընթացը, և դրանք վկայում են, որ «խոսքին պետք է հաջորդեն գործողությունները»։

«Արևմտյան կառավարությունները շատ երկար ժամանակ չափազանց պասիվ են եղել, քանի որ «Վրացական երազանքը» երկիրը Ռուսաստանի հետ ոչ ժողովրդավարական ուղղությամբ է տարել: ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանեն այն մարդկանց նկատմամբ, որոնք պատասխանատու են սպառնալիքների և բռնության համար այն մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են, որ Վրաստանը միանա ժողովրդավար Արևմուտքին: Դա պետք է սկսել օլիգարխ Իվանիշվիլիից, որը փորձում է զավթել իշխանությունը և տապալել վրաց ժողովրդի նկրտումները»,- գրված է հոդվածում։

Հակաարևմտյան նարատիվներ, հոմոֆոբիա և սպառնալիքներ. Իվանիշվիլիի ելույթը