Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 29-ին Վրաստանի քաղաքացի Ռամազ Բեղելուրիի ապօրինի առևանգմանը:
«Այսպես կոչված՝ միաստվածներն ու իբր արժեքների պաշտպանները, ո՛չ հարությունը գիտեն, ո՛չ գերեզմանը, ո՛չ ընտանիքը, և ընդհանրապես՝ չգիտեն հայրենիքը և չգիտեն՝ ո՛չ նրա իսկական սահմանները, ոչ էլ` սեփական և հարևանի հողերի միջև տարբերությունը… Եվ, չնայած այս ամենին, ոմանք (հավանաբար՝ նկատի ունի Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներին — հեղ.) ընկերների և թշնամու միջև հավասարության նշան են դնում»,- գրել է նախագահը:
Բեղելուրին արդեն հինգերորդ անգամ է անօրինական կալանքի տակ: Ըստ տեղեկությունների՝ Բեղելուրիին օկուպանտները ձերբակալել են այն պահին, երբ նա հարդարում էր օկուպացիոն գծի մոտ գտնվող մահացած եղբոր գերեզմանը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Վրաստանի քաղաքացու առևանգման մասին լուրը տարածել էր ապրիլի 29-ին՝ չնշելով անունը: Նա առևանգվել էր Դիսևի գյուղի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի — հեղ.) մերձակայքից:
Ի դեպ, այս պահին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի բանտում և մեկուսարանում կա Վրաստանի 8 քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված՝ սահմանը խախտելու համար։