«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը:
Նրա խոսքով, եթե օրենքը վերջնականապես ընդունվի, ԱՄՆ-ին ամեն բան պարզ կդառնա. «Եթե Վրաստանի կառավարությունն ասի, որ չեն ուզում անդամակցել Եվրամիությանը, այլ բան են ուզում, ապա մեր անելիքների մասին խոսակցությունը լիովին այլ բնույթի կլինի»:
Օ՛Բրայենը նաև հայտարարել է՝ Միացյալ Նահանգների վարչակազմը կոչ է անում Վրաստանի իշխանություններին պաշտպանել հավաքների ու ցույցերի ազատությունը և ապահովել խաղաղ բողոքի ցույցերի անցկացումը։
Ընդգծենք՝ անցած շաբաթների ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտն ակտիվորեն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հետ կանչել «գործակալների օրենքը», որին արդեն երկու ընթերցմամբ հավանություն են տվել:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։