Թբիլիսիում Ազատության հրապարակի մոտ՝ «Պարագաֆ» հյուրանոցի հարակից տարածքում «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարաները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակ:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարները միացել են Ազատության հրապարակում հավաքվածներին:
«Պարագրաֆ» հյուրանոցի մոտ ոստիկանները ձերբակալել են «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն, ձերբակալվել է ոստիկաններին վիրավորելու համար։
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ երթով ընթանում են հանրահավաքի մասնակիցները, ոստիկանության հատուկ մոբիլիզացիա է։ Ցուցարարներից ոմանք արդեն հասել են գրասենյակ, վանկարկում են՝ «ստրուկներ»։
Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։