Վրաստանի խորհրդարանում հանդիպումներ են ընթանում բալթյան և սկանդինավյան երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոփո Քացարավան լրագրողներին տեղեկացրել է, որ պատվիրակությունների ամդամներին արդեն ընդունել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
«Բալթյան և սկանդինավյան երկրների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, շնորհավորել են նաև վիզայի ազատականացման հարցում ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնության առիթով։ Թբիլիսիում քննարկումներ են ընթանում հիշյալ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Քացարավան:
Օրվա ընթացում նախատեսված են բալթյան և սկանդինավյան երկրների խորհրդարանակաների հանդիպումները Վրաստանի օրենսդիր մարմնի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորների հետ։
Բալթյան և սկանդինավյան երկրների խորհրդարանական պատվիրակություններին կընդունեն նաև Վրաստանի նախագահն ու վարչապետը: