Թբիլիսին պարզաբանել է Վաշինգտոնի հրավերի մերժման պատճառը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրել են «վերապահումներով», ինչը «չի համապատասխանում գործընկերության ոգուն»։

«Ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ այն վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավոր դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի՝ «վերապահումներով այց կատարելը չի ​​համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխադարձ վստահության վրա»։ Հայտարարության համաձայն, այս հարցի վերաբերյալ «մանրամասն բացատրություն է տրվել ԱՄՆ դեսպանին»։

Ի դեպ, ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել էր, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են ԱՄՆ այցի հրավերը:

«Վերջերս մենք հրավիրել ենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ռազմավարական գործընկերության և ԱՄՆ օգնության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ցավոք, վրացական կողմը նախընտրեց հրաժարվել այդ հրավերից»,- ասել էր դեսպանը: