Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով։
Նրա խոսքով, ցավալի է, որ չնայած միջազգային գործընկերների կոչերին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։
Բուրիչը կոչ է արել կառավարող թիմին սպասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և հաշվի առնել նրա առաջարկությունները՝ նախքան օրենքի վերջնական ընդունումը։
«Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար բարենպաստ միջավայրն անհրաժեշտություն է ուժեղ և լիարժեք գործող ժողովրդավարության համար։
Թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խարանելու և նրանց ազատ գործունեությունը սահմանափակելու գործիք:
Ես նույնպես դատապարտում եմ վերջին օրերին Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցած բռնությունները։ Ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումն անհամատեղելի է մարդու իրավունքների չափանիշներին»,- ասել է Բուրիչը։
Ըստ նրա` վրացիները, որ բազմիցս ցույց են տվել իրենց ամուր նվիրվածությունը ժողովրդավարությանը, պետք է կարողանան խաղաղ ճանապարհով իրականացնել իրենց հավաքների և արտահայտվելու ազատությունը:
Նա հույս է հայտնել, որ Վրաստանը և Եվրոպայի խորհուրդը կշարունակեն կառուցողական երկխոսությունը, որը բնութագրում է երկուստեք արդյունավետ համագործակցությունը վերջին տարիներին. «Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխանությունը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին»։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
Ցուցարարների նկատմամբ բռնությունն այսօր դատապարտել են պաշտոնական Փարիզը, «Հելսինկյան հանձնաժողովը», ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը և այլք:
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։