Վրաստանի Youtube-յան բլոգերները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «գործակալների մասին օրենքի» դեմ։ Նրանք տեսանյութ են հրապարակել` հայտնելով իրենց աջակցությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչներին։
«Բոլորին, ովքեր կանգնած են փողոցում և պայքարում են այս օրենքի ընդունման դեմ։ Կարդալով այս օրինագիծը` հասկացա, որ ոչ մեկիս պետք չի դա, կեցցե՛ն երիտասարդները որոնք պայքարում են այսօր», — ասել է բլոգերներից մեկը։
Մեկ այլ բլոգեր նշել է․ «Օրինագիծը, որն այսպիսի բռնություն է հարուցում, հեռացնում է մեզ Եվրոպայից. պարզ է, որ սա պետք չէ մեզ, ո՛չ այդ ռուսական օրենքին»։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։