Վրաստանի խորհրդարանի հետնամասում և Հերոսների հրապարակում ժամը 19:00-ին մեկնարկել է «գործակալների օրենքի» դեմ ցույցը։
Հերոսների հրապարակում «ռուսական օրենք» անունով հայտնի օրինագծի դեմ ցույցի ժամանակ քաղաքացիները փակել էին Հերոսների հրապարակից Վարազիսխևիի պողոտա տանող ճանապարհը։ Տևական ճամանակ անց իրավապահները վերականգնել են երթևեկությունը՝ քաղաքացիներին երթևեկելի մասից տեղափոխելով մայթ և հնարավորություն տալով մեքենաներին տեղաշարժվել։
Սակայն, այն բանից հետո, երբ այդտեղ քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացավ, ոստիկանները դադարեցին ընդդիմանալ ցուցարարներին։
Խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներն արդեն փակել են Ռուսթավելիի պողոտան։ Զուգահեռաբար, քաղաքացիների մի մասը հավաքվում է Արդարադատության տան մոտ։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
Ցուցարարների նկատմամբ բռնությունն այսօր դատապարտել են պաշտոնական Փարիզը, «Հելսինկյան հանձնաժողովը», ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը և այլք:
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։