Այսօր՝ մայիսի 2-ին, լեզվակռիվ է տեղի ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և Formula հեռուստաընկերության լրագրողի միջև։
«Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողը Կախա Կալաձեին հարց է տվել՝ մայիսի 1-ին իրավապահները ռետինե փամփուշտներ օգտագործե՞լ են հանրահավաքի ժամանակ։ Թբիլիսիի քաղաքապետն ասել է. «Դա սուտ է, իսկ դուք ստախոս հեռուստատեսություն եք, այս կապակցությամբ ՆԳՆ-ն հայտարարություն է արել, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ռետինե փամփուշտներ չեն օգտագործվել»:
Դրան ի պատասխան` «Ֆորմուլայի» լրագրողը Կախա Կալաձեին հակադարձել է. «Մի՞թե Ձեզ վատ չեք զգում, որ այսպես բացահայտ ստում եք», ինչը զայրացրել է Թբիլիսիի քաղաքապետին, և նա լրագրողին վիրավորել է` անվանելով «անդաստիարակ»։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։