Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են մայիսի 2-ին խորհրդարանի հետնամասում նախատեսված ցույցի մասին: Համատեղ ճեպազրույցում ընդդիմադիրներն ասել են, որ «գործակալների օրենքի» դեմ ցույցը տեղի կունենա այսօր՝ մայիսի 2-ի ժամը 19:00-ին։
«Վրաստանի խամաճիկ կառավարությունը կողպեք դրեց խորհրդարանի վրա, թաքցրին արտաքին գործերի նախարարին, ու վախկոտները, փաստացի՝ չեղյալ հայտարարեցին օրենսդիր մարմնի աշխատանքը։ Մինչ այդ աննախադեպ տասնօրյա արձակուրդ էին հայտարարել ողջ երկրով մեկ»,- ասել է «Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի նախագահ Ռոման Գոցիրիձեն։
Վրաստանի խորհրդարանից հաղորդել են, որ այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, չեն կայանա։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
Ցուցարարների նկատմամբ բռնությունն այսօր դատապարտել են պաշտոնական Փարիզը, «Հելսինկյան հանձնաժողովը», ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը և այլք:
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։