Anonymous-ը ստանձնել է իշխող ուժի և POSTV-ի կայքերի փակման պատասխանատվությունը

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը ստանձնել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իշխանամետ POSTV հեռուստաընկերության կայքերի փակման պատասխանատվությունը։

Մայիսի 1-ին Anonymous-ը հայտարարեց իր աջակցության մասին Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերին ընդդեմ «գործակալների օրենքի»։

Հաջորդ օրը փակվեցին «Վրացական երազանքի» և POSTV հեռուստաընկերության կայքերը։ Մայիսի 2-ին Anonymous-ը գրել է, որ իրենք կիբերհարձակում են կազմակերպել կայքերի վրա։

«Չնայած նախազգուշացումներին, դուք չեք դադարեցրել ոստիկանության բռնությունները ցուցարարների նկատմամբ… Սեփական քաղաքացիների նկատմամբ ձեր անմարդկային գործողությունների պատճառով մենք կշարունակենք փակել ձեր կառավարության բոլոր վեբ ռեսուրսները։ Սա սպառնալիք չէ։ Սա խոստում է… Հիշեք՝ Վրաստանը Ռուսաստան չէ և երբեք չի լինի»,- գրել է հաքերային խումբը X սոցիալական ցանցում։

Հաքերային խումբը սպառնացել է Վրաստանի կառավարությանը, որ հանրահավաքի մասնակիցների վրա հարձակմանը հաջորդելու է պետական ​​բոլոր պաշտոնյաների մասին տեղեկատվության հրապարակումը։