Դատապարտում եմ բռնությունը Թբիլիսիում. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մայիսի 1-ին տարածած հայտարարության մեջ նախագահ ֆոն դեր Լեյենը դատապարտել է «բռնությունը Թբիլիսիի փողոցներում»՝ Վրաստանի իշխանություններին հիշեցնելով 9 հանձնարարականների մասին և ասել, որ «Վրաստանը գտնվում է խաչմերուկում․ պետք է պահպանի իր ընթացքը դեպի Եվրոպա»:

«Ես մեծ մտահոգությամբ եմ հետևում Վրաստանում տիրող իրավիճակին և դատապարտում բռնությունները Թբիլիսիի փողոցներում։ Վրաստանի քաղաքացիները ցույց են տալիս իրենց ամուր վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ: Վրաստանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս հստակ ուղերձին։

ԵՄ-ն նաև հստակեցրել է իր մտահոգությունները «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ:

Վրացի ժողովուրդը ցանկանում է իր երկրի եվրոպական ապագան: Ընդունելով այս ձգտումները՝ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերին Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ և հստակ ուղի սահմանեց անդամակցության բանակցություններ սկսելու համար։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունն արագ միջոցներ կձեռնարկի՝ կատարելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է որպես թեկնածու երկիր»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

Վրաստանի խորհրդարանի մոտ «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ են կիրառել: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։

Թբիլիսին՝ բռնապետական ուղու վրա. Արևմուտք