Կառավարությունն անհարկի գործընթացի մեջ է. նախկին վարչապետ

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ նշել է, որ կառավարությունը մտել է ամենադժվար և անհարկի գործընթացի մեջ, որի համար ստիպված կլինի քաղաքական մեծ գին վճարել:

Կվիրիկաշվիլին պարզաբանել է, որ «Վրացական երազանքի» վերջին քայլերի անխուսափելի հետևանքը լինելու է Արևմուտքին ընդդիմանալը:

Նախկին վարչապետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման, երկրի երիտասարդության հետ հսկայական անջրպետի:

«Կառավարության գործողություններում էական շտկումներ անելու համար դեռ ժամանակ կա։ Հանրահավաքներում յուրաքանչյուր մարդու դաժան ծեծի ենթարկելը ծանր ասոցիացիա է առաջացնում 2012 թվականից առաջ եղած իրականության հետ: Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն կայունությունը պահպանելու և բռնություն թույլ չտալու համար, որպեսզի խուսափեն անուղղելի արդյունքից, որի ռիսկը բավականին մեծ է, և որի պատասխանատվությունը կրելու է կառավարությունը»,- գրել է Կվիրիկաշվիլին։