Վրաստանյան «Մեդիա օմբուդսմեն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տեղեկություններով՝ «գործակալների մասին օրենքի» դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուսաբանելիս հատուկջոկատայինների թիրախում են հայտնվել տասը լրագրողներ և օպերատորներ։
Կազմակերպության տվյալներով, ապրիլի 28-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում
- Հատուկջոկատայինները «պղպեղի սփրեյ» են ցողել «TV Պիրվելի»-ի օպերատոր Նիկո Կոկայայի վրա։
- Հատուկջոկատայինները խոչընդոտել են «Պուբլիկա» առցանց լրատվամիջոցի լրագրողներ Լիկա Զակաշվիլիի և Բաստի Մգալոբլիշվիլիի գործունեությանը։
- Հատուկջոկատայինները խոչընդոտել են «TV Պիրվելի»-ի լրագրողներին ու օպերատորներին՝ Նանուկա Քաջաիային և Դավիթ Բերաձեին, ինչպես նաև Գիորգի Շեծիրուլիին, Մարիամ Մակասարաշվիլիին և Դիանա Չիրգաձեին։
- Հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Աի, Փաքտի» առցանց լրատվամիջոցի լրագրող Ռոբի Զարիձեին:
- Հարձակման զոհ է դարձել CNews Exclusive-ի լրագրող Գիգա Գելխվիձեն։
«Մեդիա օմբուդսմենը» նշում է, որ, հաշվի առնելով լրագրողների ու օպերատորների շահերը, կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանը՝ արագ քննություն իրականացնել։
Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին: