Վրաստանի միջազգային գործընկերներն արձագանքում են ապրիլի 30-ի լույս մայիսի մեկի գիշերը Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցը ճնշելուն՝ խստորեն դատապարտելով իշխանության անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում գրել է. «Ես խստորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունը, երբ քաղաքացիները խաղաղ ցույց էին անցկացնում արտաքին ազդեցության օրենքի դեմ: Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, կոչ եմ անում նրա իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը: Այն ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»:
Բացի Եվրամիության բարձրագույն ներկայացուցչից, Վրաստանում Գերմանիայի դեսպանը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ևս դատապարտել են վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները։
«Բռնությունը պետք է դադարեցվի: Սա երբեք լուծում չէ: Գերմանիան և Եվրամիությունը ուշադիր հետևում և գնահատում են այդ իրադարձությունները: Մենք Վրաստանի գործընկերներն ու բարեկամներն ենք խաղաղության, ազատության և զարգացման մեջ»,- X-ում գրել է Ֆիշերը:
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխեիլ Ռոթը Վրաստանի վարչապետին կոչ է անում հետ կանչել վիճահարույց օրինագիծը. «Հարգելի վարչապետ Կոբախիձե, անհապաղ դադարեցրեք բռնությունը ձեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր խաղաղ ցույցեր են կազմակերպում հանուն եվրոպական արժեքների։ Հետ կանչեք օտարերկրյա գործակալների օրենքը։ Մի կործանեք Վրաստանի ապագան, որը գտնվում է Եվրոպայի սրտում»:
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կոչ է անում Եվրամիությանը հնարավորինս արագ պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Ֆոն Կրամոնը կարծում է, որ դա հենց այն է, ինչն ակնկալում է Վրաստանի ժողովուրդը։ Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է՝ ավելի լավ կլինի, որ Եվրամիությունը դադարեցնի Վրաստանի գործադիր իշխանության ֆինանսավորումը:
«Կարծում եմ՝ հիմա հարմար պահ չէ Վրաստանի կառավարության հետ նոր նախագծերի մասին հայտարարելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսն անդրադառնալով իշխանությունների կողմից ուժի կիրառմանը և գրում է, որ Իվանիշվիլին նույն ճանապարհին է, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Պուտինը, Լուկաշենկոն և Իվանիշվիլին գնում են նույն ճանապարհով՝ նախ բիրտ ուժի կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ հետո բռնապետություն հաստատում երկրի դեմոկրատական ապագայի դեմ։ Բռնապետությունը միշտ նույն ապագան ունի՝ պատժամիջոցներ, տապալում և տրիբունալ»,- ասել է Կուբիլիուսը։
Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցույցը։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:
Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը շարունակվում է այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։