Թբիլիսիում ապրիլի 30-ին հերթական անգամ քաղաքացիները բողոքի դուրս եկան «ռուսական օրենք»–ի դեմ, որը վերաբերում է քաղաքացիական հատվածին՝ մասնավորապես լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների՝ պետության կողմից վերահսկմանն ու «գործակալ» պիտակավորելուն:
Օրենքի մասին ավելին՝ այստեղ
Ցույցը, որին արձագանքել են Վրաստանի օտարերկրյա գործընկերները, Ջոզեֆ Բորելը, Եվրախորհրդարանականները, երկրի օմբուդսմենը, նախագահը, ՀԿ-ներն ու իրավաբանները, աննախադեպ էր մի քանի պատճառով, սակայն ամենակարևորը՝ ամբողջ գիշերվա ընթացքում հատուկջոկատայինները փորձում էին ցրել այն, իսկ քաղաքացիները՝ չէին հեռանում: Ներկայացնում ենք ցույցի ընթացքում մի քանի ուշագրավ դեպք՝
- Նախօրեի ցույցը ցրելու գործողությունների ընթացքում «Ալիք Մեդիան» և այլ լրատվամիջոցներ արձանագրել են, թե ինչպես են հատուկջոկատայինները ծեծի ենթարկում կանանց, բերման ենթարկում 14 տարեկան դեռահասներին, բռնություն գործադրում լրագրողների ու օպերատորների վրա:
- Մի քանի ժամ Ռուսթավելիի պողոտայում փնտրում էին Լևան Խաբեիշվիլիին՝ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդներից մեկին: Ժամեր անց նրան հայտնաբերեցին անճանաչելի տեսքով՝ հատուկջոկատայինների կողմից ծեծի ենթարկված
- Ցույցը ցրելու ժամանակ հատուկջոկատայինները կոպտորեն խախտել են մարդու իրավունքները, հետապնդել են նրանց ամբողջ փողոցի երկայնքով, մինչև Հավլաբարիի տարածք, նույնիսկ մետրոներում են փորձել ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: Բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ–ի 333-րդ հոդվածով, 3-րդ մասի «բ» ենթակետով, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով։
- Ցուցարարներին փորձում էին օգնել նույնիսկ ավտոբուսների վարորդները՝ փակելով ճանապարհները՝ թույլ չտալու հատուկջոկատայիններին շարունակել հարձակումը:
- Ցուցարարներին հաջողվել էր փակել ճանապարհները հատուկջոկատայինների համար՝ թույլ չտալով նրանց մուտք գործել շենք: Տարածվում էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ քաղաքացիներն են օգնում հատուկջոկատայիններին, «ազատ են արձակում» նրանց՝ երկաթե բարիկադներից:
- Նախօրեին ցույցը ցրելու գործողությունները տեսնելուց հետո, շրջաններից հարյուրավոր մարդիկ են ուղևորվում դեպի Թբիլիսի, համաքաղաքացիներին օգնելու նպատակով: Թբիլիսիում էլ՝ ի պատասխան, արշավ է սկսել, ուր քաղաքացիները գումար են հավաքում շրջաններից եկածներին տներով ապահովելու, կամ իրենց տներն առաջարկելու հարցով: