Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելինին Ինգորոկվայի անվան կլինիկայում այցելել է ապրիլի 30-ին «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ վիրավորում ստացած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին և նույն կուսակցության անդամ Սոփո Ջափարիձեին։
Ընդդիմադիրները հայտնել են, որ Թբիլիսիում ցույցը ցրելու ընթացքում հատուկ նշանակության ջոկատի անդամները ֆիզիկական բռնության են ենթարկել իրենց։
Հանրային պաշտպանը հայտարարել է, որ քաղաքական գործիչների մասին տեղեկություն է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Գերատեսչության իրավասությունն է հետաքննություն սկսել ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։
Ինգորոկվայի անվան կլինիկայի կլինիկական տնօրեն, պրոֆեսոր Կախա Չելիձեն հայտնել է, որ Խաբեիշվիլիի քթի ոսկորները կոտրվել են։
Բացի Խեբիշվիլիից, հանրահավաքի ժամանակ վիրավորվել են բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, որոնց թվում ծեծի է ենթարկվել ևս մեկ պատգամավոր՝ «Քաղաքացիների» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին։
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների մասին տեղեկություն չի հրապարակում։
Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցուցարարներին։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:
Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։