Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրի շիթեր են օգտագործում խորհրդարանի շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցների դեմ։ Ցուցարարները չեն պատրաստվում ցրվել, կան վիրավորներ։ Հատուկ ջոկատայինները խորհրդարանին հարակից Չիտաձեի փողոցից ջրցան մեքենաներով շարժվեցին դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ կանգնած էր ցուցարարների հիմնական մասը։
Քիչ առաջ հատուկջոկատայինները արցունքաբեր գազ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, իսկ մինչ այդ՝ պղպեղ սփրեյ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ խորհրդարանի շենքի հարակից տարածքում հանրահավաքի մասնակիցների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված շրջանակներից և «բռնի բնույթ է ստացել»։
Այս պահի դրությամբ տասից ավելի ցուցարար է բերման ենթարկվել: