«Կառուցիր Վրաստանը» կոչ է անում Վրաստանի խորհրդարանին հետ կանչել «ռուսական օրենքը», նշված է նրանց հայտարարության մեջ:
«Կառուցիր Վրաստան»-ի անդամները հորդորում են Վրաստանի խորհրդարանին լսել Վրաստանի քաղաքացիների ձայնը, հաշվի առնել երկրի ռազմավարական գործընկերների կոչերը և հետ կանչել «ռուսական օրենքը»:
«Կառուցիր Վրաստանը» բազմաոլորտ նախագիծ է, որը միավորում է ակադեմիական, մասնավոր, քաղաքացիական, կրոնական և երիտասարդական ոլորտների ներկայացուցիչների։ Վերջինիս նպատակն է, որ ոլորտները երկխոսության միջոցով երկրում խնդիրները լուծելու ուղիներ մշակեն, քանի որ Վրաստանի հզորությունը վրաց ժողովրդի բազմազանության մեջ է։
Ըստ նրանց՝ նշված օրինագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքներին և հակասում է Եվրոպական միության մարդու իրավունքների չափանիշներին, այդ իսկ պատճառով Եվրամիության որոշում կայացնողները բազմիցս բացատրել են, որ «ռուսական օրենքի» ընդունումը կհեռացնի Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհից: Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի՝ եթե նշված օրենքն ընդունվի, Եվրամիությունը Վրաստանի հետ անդամակցության բանակցություններ չի սկսի։
««Ռուսական օրենքի» ընդունումը սպառնում է քաղաքացիական սեկտորի և լրատվամիջոցների գործունեությանն ու գոյությանը, որոնք տարիներ շարունակ աշխատում են խոսքի և արտահայտման ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարական գործընթացների խթանման և Վրաստանում տնտեսական զարգացման ոլորտներում»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանց հայտարարության համաձայն, «ռուսական օրենքի» ընդունումը կվնասի երիտասարդությանը, մասնավոր, քաղաքացիական սեկտորներին.
«Մենք՝ «Կառուցիր Վրաստան»-ի անդամներս, կարծում ենք, որ իշխող կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն ուղղված է երկրի սահմանադրությամբ սահմանված արտաքին քաղաքական կուրսի դեմ, և կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին հետ կանչել «ռուսական օրենքը»:
Ընդգծենք՝ շուրջ 9 ժամ տևած խորհրդակցությունից հետո իրավական հարցերի հանձնաժողովը լիագումար նիստում երեկ միաձայն կողմ է արտահայտվել «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցմանը։
Հիշեցնենք, որ 10 օրից ավելի է ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույցեր են ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ են կիրառել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցերը: