Այսօր՝ ապրիլի 29-ին, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց, իշխող կուսակցությունը հանրահավաք է անցկացնում՝ ի պաշտպանություն «Գործակալների մասին օրենքի», որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ:
Իշխող կուսակցությունը հարյուրավոր մեքենաներով մարզերից հազարավոր մարդկանց է բերել՝ աջակցելու «Գործակալների օրենքին»։ Ցուցարարներից շատերը չգիտեն ինչի մասին է բողոքի ցույցը, իսկ որոշ մասը անգամ դեմ է «ռուսական օրենքին»: Ամբողջ օրվա ընթացքում մարզերից տարածված տեսանյութերից երևում է՝ ցույցին բերված անձինք օգտվում են տրանսպորտի անվճար «ծառայությունից», Թբիլիսի հասնելու նպատակով: Բաթումիում հարցված, Թբիլիսի եկող ցուցարարներից մեկը՝ լրագրողների հարցին, «գումար արդեն վերցրե՞լ եք», պատասխանում է «ոչ, մի քանի ժամ անց պիտի փոխանցեն»:
Ժամեր առաջ նաև տեղեկություն էր տարածվել, որ ցույցի ժամանակ ծափահարությունների ձայներ են միացվելու: Հանրահավաքի կազմակերպիչները, սակայն, այս տեղեկությունը հերքել էին:
Հանրահավաքին ներկայացել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, իր որդի Ցոտնե Իվանիշվիլին, ինչպես նաև իշխող կուսակցության այլ առաջնորդներ:
Ինչ վերաբերում է ցույցին հնչեցրած հիմնական ուղերձներին՝ դրանք հիմնականում պարունակում են հակաարևմտյան նարատիվներ: Օրինակ, որ Վրաստանին պատերազմի մեջ են ներքաշում, իսկ «Վրացական երազանքը» «խաղաղ» է: Բացի այս, կուսակցության առաջնորդները հոմոֆոբ հայտարարություններ են անում ու ներկաներին «վախեցնում» են Վրաստանի քաղհասարակությամբ. «Նրանք մեր երեխաներին ԼԳԲՏ ներկայացուցիչներ են փորձում դարձնել» արտահայտություններով: Ի դեպ, հոմոֆոբ նարատիվներ մինչ այս տարածվել են նաև շրջաններում, հատկապես Սամցխե Ջավախքում:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում
ՏԻՄ պատգամավորները «ռուսական օրենքի» քարոզչությամբ են զբաղված
Նշենք նաև, Ալիք Մեդիան նախկինում անդրադարձել էր ցույցին ստիպողաբար ուսուցիչների ու պետաշխատաողների հարցին: Մեր կողմից հարցվածների շարքում գտնվել էին շատերը, ովքեր դեմ էին օրենքին ու հրաժարվել էին իշխող կուսակցության հանրահավաքին մասնակցելուց:
Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը: