Ուսուցիչների արշավն ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանի դպրոցների որոշ ուսուցիչներ ևս միացել են բողոքի ալիքին ընդդեմ «ռուսական օրենքի» և իրենց աջակցությունն են հայտնում խնդրահարույց օրենքի դեմ պայքարող քաղհասարակությանը։

Ուսուցիչներն իրենց սոցիալական կայքերում հրապարակել են լուսանկար դպրոցական դասասենյակից՝ ի ցույց դնելով այն փաստը, որ չեն պատրաստվում մասնակցել այսօրվա՝ ապրիլի 29-ին նախատեսված օրենքին աջակցող ցույցին։ Գրառման տակ նրանք տեղադրել են «Ո՛չ ռուսական օրենքին» հեշթեգը։

Ուսուցիչներից մեկը հետևյալ գրառումն է կատարել. «Այլ կերպ չէի էլ պատկերացնում, բայց` ամեն դեպքում»։ Մեկ այլ ուսուցիչ գրել է, «Այսօրվա դասի թեման՝ ուժը միասնության մեջ է։ Ո՛չ ռուսական օրենքին»։

 

«Ծնողները կրթության համար» հասարակական կազմակերպության (ՀԿ) տնօրեն Մեգի Կավթուաշվիլին նշեց, որ ուսուցիչների կողմից իրականացվող այդ արշավը շատ կարևոր է, որպեսզի նրանց աշակերտները ևս կողմնորոշվեն։

«Սոցիալական արշավներ շատ ենք իրականացնում այս օրերին, բոլորս լարված ենք, բոլորս փորձում ենք որևէ կերպ մեր խոսքը հասցնել մեծ լսարանին, պայքարել ռուսական օրենքի ընդունման դեմ, ուսուցչի դեպքում, կարելի է ասել, դա համարձակ քայլ է, քանի որ դպրոցների քաղաքականացման փաստը մեծ մարտահրավեր է մեր պետության համար, բայց այսօր հատկապես կարևոր է ցույց տալ, որ մենք հավատարիմ ենք եվրոպական արժեքներին` չմիանալով բողոքի ցույցին, որտեղ մարդկանց իրենց կամքին հակառակ են տանում», — նշեց Կավթուաշվիլին։

Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը:

Ուշագրավ է նաև, որ այսօր` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։