Մայիսի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մեկնելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և 30 օր անընդմեջ մնալու այդ երկրում, տեղեկանում ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ):
Ըստ ԱԳՆ-ի՝ Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Չոյ Ցիենի հետ։ Դեսպանը վրացական կողմին պաշտոնապես նոտա է փոխանցել, ըստ որի՝ Չինաստանի կողմն ավարտել է 2024 թվականի ապրիլի 10-ին կնքված «Վրաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջներից փոխադարձ ազատման մասին համաձայնագրի» ուժի մեջ մտնելու ընթացակարգերը:
Ի դեպ, Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 11-ից։
2023 թվականի հուլիսի 31-ին Վրաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն հրապարակեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել էր Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և հայտարարել, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։ Պետդեպը նշել է՝ ոչինչ չունեն Վրաստանում այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներդրումների դեմ:
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել էր Չինաստանի հետ Վրաստանի կառավարության մերձեցման քաղաքականությունն այն բանից հետո, երբ հրապարակվեց Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։
Վրացի վերլուծաբանների գնահատմամբ՝ Վրաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության և երկու երկրների միջև կապերի խորացումը շատ նենգ ու վտանգավոր ծրագիր է: Ըստ նրանց՝ գործ ունենք Վրաստանի շահերի վաճառքի հետ: Վերլուծաբանների կարծիքով, չինացիները Վրաստանում ռազմավարական շահեր չունեն, սա նրանց «լիցքավորման» ճանապարհն է:
Չինաստանի համար Վրաստանն ընդամենը «լիցքավորման» ճանապարհ է. վերլուծաբաններ