Այսօր՝ ապրիլի 29-ին, Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նիստում քննարկվում է «գործակալների մասին օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:
Նիստի նախագահ Անրի Օխանաշվիլին խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նիստից հեռացրել է 7 պատգամավորի, որոնցից մի քանիսին թույլ չի տվել ավարտել իրենց ելույթը։
Նիստից հեռացված պատգամավորներն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն, անկախ պատգամավոր Թամար Կորձաիան, «Լելո»-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին, անկախ պատգամավոր Թակո Չարկվիանին, «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Քեթևան Թուրազաշվիլին և ՄԱՇ ներկայացուցիչ Անա Ծիթլիձեն։
Դահլիճը հարկադրաբար լքելուց հետո Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել իր նկատմամբ ֆիզիկական բռնության պատճառով:
Բացի ընդդիմադիրներին դահլիճից հեռացնելուց և խոսքի իրավունքը սահմանափակելուց, Օխանաշվիլին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն չի տվել արտահայտելու իրենց դիրքորոշումը կամ կարծիք հայտնելու: Օխանաշվիլիի խոսքով՝ նիստի կանոնակարգով կարելի է միայն հարցեր տալ։
Ուշագրավ է նաև, որ հանձնաժողովի լսումներին լրատվամիջոցների մասնակցությունը նույնպես սահմանափակ է. «գործակալների մասին օրենքի» քննարկումն ընթանում է առանց առցանց լրատվամիջոցների հասանելիության։ Ապրիլի 29-ին սահմանափակվել է նաև հեռուստատեսային լրատվամիջոցների թույլատրելի քանակը։
Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը:
Ուշագրավ է նաև, որ այսօր` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։