Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի դիմաց, այս պահին աղմուկ է։ Ոստիկանությունը ցուցարարներից պաշտպանում է «Վրացական երազանքի» կազմակերպած բեմը և թույլ չի տալիս նրանց Վրաստանի և Եվրամիության դրոշներով բեմ բարձրանալ։
Հարկ է նշել, որ Խորհրդարանի դիմաց «Վրացական երազանքն» արագացված կերպով բեմ է սարքել՝ ապրիլի 29-ի իրենց կազմակերպած հանրահավաքի համար։
Ինչպես նաև, Վրաստանի ՆԳՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մոբիլիզացված են Ռուսթավելի պողոտայում ընթացող ցույցի հետ կապված և պաշտպանում են քաղաքացիների անվտանգությունը։ Հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից և պաշտպանել հասարակական կարգը։
Նաև հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի հորդորում ենք չվնասել Ռուսթավելի պողոտայում՝ օրենսդիր մարմնի դիմաց կազմակերպված բեմի տեխնիկան»։
«Ալիք մեդիա Վրաստանն» ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 29-ին «Վրացական երազանքը» նախատեսում է հանրահավաք անցկացնել խորհրդարանի դիմաց՝ հաջակցություն «ռուսական օրենքի»։ Իշխող ուժը պետական աշխատողներին հանրահավաք բերելով փորձում է պատկեր ստեղծել, թե մարդիկ աջակցում են «ռուսական օրենքին», որը պատրաստվում են ընդունել։
Միաժամանակ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Թբիլիսիում հաջակցություն «գործակալների օրենքի» նախատեսած հանրահավաքի համար, պետական աշխատողների մոբիլիզիացիա է անում՝ Վրաստանի տարբեր շրջաններից: