Վրաստանի խորհրդարանի մոտ այս պահին բազամահազարանոց բողոքի ցույց է ընթանում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի նկարահանող խումբը:
«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով բողոքի ցույցը կազմակերպել են հասարակական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչները, որին միացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ ևս։
«Ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք անփոփոխ.
- Վրաստանի քաղաքացիների անսասան կամքն է ստեղծել ժողովրդավարական հասարակական ինստիտուտ, տնտեսական ազատություն, սոցիալական և իրավական պետություն, և մենք կտրականապես դեմ ենք Վրաստանի եվրոպական ուղու փոփոխությանը և ռազմավարական գործընկերների կորստին, ինչը կարող է լինել «ռուսական օրենքի» ընդունմամբ,
- Վրաստանի քաղաքացիներս համաձայն ենք, որ Վրաստանի խորհրդարանը հակասահմանադրական օրենքներ ընդունելու տեղը չէ։ Խորհրդարանը պարտավոր է ենթարկվել գերագույն օրենքին՝ Վրաստանի Սահմանադրությանը,
- Վրաստանի խորհրդարանի կողմից «ռուսական օրենքի» ընդունումը համարում ենք կառավարության կողմից սահմանադրական շրջանակներից դուրս գալ,
- Վրաստանի քաղաքացիներս թույլ չենք տա, որ ժողովրդավարությունը փոխարինվի հակասահմանադրական, ավտորիտար կառավարմամբ,
- այդ պատճառով՝ այսօր Հանրապետության հրապարակից երթով շարժվեցինք Վրաստանի խորհրդարանի ուղղությամբ,
- քաղաքացիներով կշրջափակենք Վրաստանի խորհրդարանը և շղթա կկապենք՝ որպես Վրաստանի քաղաքացիների միասնության խորհրդանիշ,
- մենք գիտենք, որ ապրիլի 29-ին իրենց պատրանքային աջակցությունը ցույց տալու համար իշխանությունը բռնի ուժով բերում է մեր համաքաղաքացիներին, որոնց մեծ մասը չի ցանկանում ընդունել «ռուսական օրենքը»,
- մենք գիտենք, որ ապրիլի 29-ին կառավարության կազմակերպած հանրահավաքին մասնակցող մեր քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է մեր պահանջներին՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,
- մեր պահանջների թիրախը իշխանությունն է, ոչ թե ժողովուրդը, հետևաբար՝ մենք ոչ մի քայլ չենք անելու իշխանության ծրագրին աջակցելու և արհեստական հանրային առճակատման պատկեր ստեղծելու համար,
- ապրիլի 29-ի առավոտյան ժամը 9-ից բողոքելու ենք խորհրդարանում «ռուսական օրենքի» երկրորդ լսումների դեմ, սակայն չենք պատրաստվում առերեսման մեջ մտնել մեր համաքաղաքացիների հետ, որոնց կառավարությունը հավաքելու է խորհրդարանի մոտ,
- մենք կառավարությանը կտրականապես հորդորում ենք վաղը՝ ապրիլի 29-ին, օրենքի երկրորդ ընթերցման լիագումար նիստ չնշանակել,
- իշխանությունը պետք է գիտակցի, որ լիագումար նիստի երկրորդ ընթերցման ժամանակ մենք կունենանք կոնկրետ պլան և վայրեր, որտեղ կկանչենք քաղաքացիներին հավաքվելու՝ դիմակայելու Վրաստանի սահմանադրական կառույցի և արտաքին կուրսի փոփոխման ինքնագործ արկածախնդրությանը,
- ուժը միասնության մեջ է,
- կեցցե՛ անկախ, միացյալ, ազատ Վրաստանը,
- այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին:
«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին». հանրահավաք Թբիլիսիում